Google ընկերության նկատմամբ Կալիֆոռնիայի դաշնային դատարան է ներկայացվել կոլեկտիվ հայց, որով ընկերությունից պահանջվում է 5 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Տեխնոլոգիական հսկան մեղադրվում է օգտատերերի վերաբերյալ տվյալների անօրինական հավաքման մեջ։ Այս մասին գրում է Дождь-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Հայցվորների կարծիքով՝ Google ընկերությունը հավաքել է տվյալներ նույնիսկ այն օգտատերերի վերաբերյալ, որոնք օգտագործել են անանուն դիտման (Incognito) ռեժիմը։ Հայցվորները կարծում են, որ տեղեկատվության հավաքումն իրականացվել է Google Analytics-ի, Google Ad Manager-ի և այլ ծառայությունների միջոցով, որոնք ներբեռնված են եղել սմարթֆոնների մեջ։

«Ընկերությունը չի կարող գաղտնի և անօրինական տվյալներ հավաքել փաստացի յուրաքանչյուր ամերիկացու համակարգչից կամ հեռախոսից»,- նշված է բողոքի մեջ։ Այնտեղ նշվում է, որ տվյալների հավաքումը կարող է իրականացվել միլիոնավոր մարդկանցից, որոնք 2016 թվականի հունիսի 1-ից անանուն դիտման ռեժիմով օգտվել են Google ծառայությունից։ Հայցվորները, յուրաքանչյուր տուժած օգտատիրոջ համար, պահանջում են առնվազն 5 000 ԱՄՆ դոլար փոխհատուցում։

Ընկերության ներկայացուցիչ Խոսե Կաստանեդան հայտարարել է, որ ընկերությունը մշտապես զգուշացնում է օգտատերերին՝ կայքերից տեղեկատվության հնարավոր հավաքման մասին, այդ թվում նաև անանուն դիտման ռեժիմում։