Հարմարվելով Covid-19-ի հետևանքով առաջացած իրավիճակին և սովորելով ապրել դրա հետ՝ գերմանացիները կարողացել են հետաքրքիր լուծումներ գտնել, որոնց շնորհիվ երկրում մասսայական մշակութային միջոցառումները շարունակվում են՝ առանց սոցիալական հեռավորությունը խախտելու:

Ինչպես հայտնում է Deutche Welle-ն, մասնավորապես, Մյունստերի համալսարանի տարածքում մայիսի 21-ին առաջին ռեյվն է եղել, որտեղ, որտեղ մասնակիցները պարում էին միմյանցից 1.5 մետր հեռավորության վրա գտնվող շրջանակներում: Նախկինում հավաքվող 2000 մասնակցի փոխարեն այս տարի միջոցառմանն այցելելու հնարավորություն ունեին միայն 100-ը: Չնայած տոմսերի բարձր գնին (մի տոմսի արժեքը 70 եվրո)՝ դրանք գնվել էին 15 րոպեում:

Բեռլիների անսամբլի թատրոնը, իր հերթին, մայիսի 26-ին Twitter-ում հրապարակել էր «նոր իրականությանը» համապատասխան լուսանկար, որտեղ նստատեղերի միջև հեռավորությունը զգալի ավելացված էր:

Չի չեղարկվել նաև Գերմանիայի ամենամեծ ամառային փառատոններից մեկը՝ The Dresden Palais Sommer-ը: Մոտ 100 միջոցառմամբ ընթացող փառատոնը տեղի կունենա ծրագրին համապատասխան՝ հուլիսի 17-ից օգոստոսի 23-ը: Ոգեշնչված ԱՄՆ այգիների օրինակներով՝ ճապոնական պալատի դիմաց գտնվող այգում շրջանակներ են գծվելու՝ մասնակիցների հեռավորությունն ապահովելու համար:

Հեռավորության պահպանմանն աշխատում են հետևել նաև գերմանական ռեստորանները: Դրանցից որոշները դատարկ նստատեղերին փափուկ խաղալիքներ են դնում կամ, ինչպես, օրինակ, Բուրգեր Քինգում հաճախորդներին տրամադրվում են մեծ գլխարկներ, որոնք կրելով՝ այցելուներն արդեն ակամայից միմյանցից պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը: