Կառավարությունը մտադիր է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը:

Այս մասին խորհրդարանում` 2019թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը հիշեցրեց, որ թե այս ծրագիրն առհասարակ ինչու էր ընդունվել.

«2014թ-ի զարգացումների արդյունքում 2015թ-ին ուժի մեջ մտած փոփոխություններ են, ըստ էության երկրորդ ալիքն էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, որից հետո բախվեցինք իրավիճակի, երբ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջներ կիրառվեցին, և այն իր ազդեցությունն ունեցավ նաև մեր տնտեսության վրա», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում իրեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Սակայն գնված բնակարանի արժեքը չի կարող ավելին լինել 55 միլիոն դրամից, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից վարկառուները կամ համավարկառուները քանիսն են:

Նրա խոսքով` ծրագրի ներդրմամբ նպատակ էր դրվել տնտեսական անկման ռիսկը մեղմել, քանի որ 2008-ին շինարարության ոլորտը 34-35 տոկոսով էր կատարվել:

Նախարարի խոսքով` ծրագիրն ընդունվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ պարզ է դարձել` այն վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների տարբերակ` հարկ չվճարելու:

«Դժվար է ասել, որ բնակարանային կարիքի համար է, քանի որ պենտհաուս ձեռք բերելու համար պետական բյուջեից մեծ մասնակցություն չպիտի ենթադրվի: Դա ժամանակավոր միջացառում էր ենթադրվում, քանի որ կառուցապատումը գնահատվում էր որպես շահութաբեր ոլորտ և բյուջեի մասնակությունը կառուցապատման ոլորտին շատ ծանրակշիռ հիմնավորում պետք է ունենա: Դրանով պայմանավորված` ավելացվեց սոցիալական բաղադրիչ և ավելացան սահմանափակումներ` թե ընդհանուր սահմանաչափի, թե եկամտահարկի եռամյսակային գումարի վերաբերյալ»,-ասաց նախարարը` հավելելով, որ Կառավարության մտադրությունն է աստիճանաբար հրաժարվել այդ ծրագրից:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` շինարարությունը շահութաբեր ոլորտ է, և բացի այդ, այն ոչ արտահանելի է, ոչ էլ արտադրական, որոնք էլ Կառավարության հայտարարած առաջնահերթությունների շարքում են:

«Մենք ասել ենք` գնում ենք այն ճանպարհով, որ տնտեսական աճի արտահանմանը միտված մոդել ենք ընտրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում, մենք բարձր տնտեսություն ունենալու առաջնահերթություն ենք դրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում: Աստիճանաբար այս համակարգից հրաժարվելը մեր քաղաքականության ուղղությունն է: Շրջանառվում է նախագիծ, որը կախված համատարած հայտարարագրման մեխանիզմից, կորոշենք առաջարկել խորհրդարանին թե ոչ, դրա որի շրջանակներում Երևանի առաջին և երկրորդ գոտիների ծրագրի իրականացումը կդադարեցվի»,- ասել է նա:

Տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ գոտիներն ընդգրկում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ էլ բնակարանների կադաստրային ամենաբարձր արժեքն է:

Նախարարի խոսքով` սա տրամաբական զարգացում է, քանի որ տնտեսության մեջ միանվագ մասնակցություն ունենալը հանգեցնում է բյուջեի համար երկարատև պարտավորությունների կատարման:

«Էն, ինչ առաջարկվում է համատարած հայտարագրման տրամաբանության ներքո, հենց էն տոկոսների համար արվող ծախսերը հարկման բազայից նվազեցնելու մոտեցում է»,- ասել է նա:

Նախարարի խոսքով` եթե խորհրդարանի հետ քննարկումների արդյունքում որոշվի, որ պետությունը բյուջեի շրջանակում պետք է մասնակցի կառուցապատմանը, դա էլ է լուծում, կարելի է ֆինանսավորել, բայց պետք է գնահատել նաև, թե դրա դիմաց հանրությանն ինչ արդյունք է տրամադրվում:

«Արդյոք նպատակահարմար է պետտական բյուջեից ֆինանսավորել 1000 քառակուսի մետր բնակարանի համար, որը գտնվու է նորակառույցի վերջին հարկում, եթե կգտնենք որ նպատակահարար է, կարող ենք շարունակել»,- ասել է նա:

Տեղեկացնենք, որ նորակառույց բնակելի համալիրների քառակուսի մետրի արժեքը այտ դեպքերում ըստ հարկայնության փոխվում է. որքան բարձր հարկում է բնակարանը, այնքան արժեքն ավեի բարձր է: