Ռուսաստանը մասամբ բացում է արտաքին սահմանները՝ թույլատրելով երկրից դուրս գալ աշխատանքի, ուսման, բուժման և հարազատների խնամքի համար դիմած քաղաքացիներին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Թույլ կտրվի Ռուսաստան ժամանել նաև այն արտասահմանցիներին, որոնք Դաշնություն են ժամանելու բուժման կամ մոտ բարեկամներին խնամելու համար։

Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ ստորագրել է կառավարության համապատասխան որոշումը։ Այն հրապարակվել է կառավարության պաշտոնական կայք էջում և ուժի մեջ մտել հունիսի 6-ից՝ ստորագրման պահից։ Բոլոր այն քաղաքացիները, որոնց հնարավորություն կտրվի լքել երկիրը, իրավունքից կարող են օգտվել միայն մեկ անգամ, բացառությամբ բուժման նպատակներով երկրից դուրս գալուց, որոնց թվաքանակը չի սահմանափակվել։

Ռոսավիացիան, ռուսական մի շարք լրատվամիջոցների տվյալներով, նախատեսում է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությանն առաջարկել հունիսի 15-ից մասամբ վերականգնել միջազգային ավիահաղորդակցությունը։ «Интерфакс»-ի տվյալներով՝ սկզբում կվերականգնվեն թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, եթե նրանք «փոխադարձության սկզբունքով» նույնպես բացեն սահմանները։

Ռուսաստանի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, մարտի 27-ից սկսած դադարեցրել էր մշտական և չարթերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։