Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բանտային համակարգերին՝ կանխելու COVID-19-ը։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ի պատասխան COVID-19 համաճարակի արտակարգ իրավիճակին և դատապարտյալներին և բանտարկյալներին շտապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը՝ Եվրոպայի խորհուրդը պաշտպանական միջոցներ է նվիրել վերոնշյալ 5 անդամ պետություններին։

Հայաստանին տրված նվիրատվությունները ներառում են 50 բժշկական համազգեստ, 8,000 մեկանգամյա օգտագործման ձեռնոց, 100 բաժակ, 260 շնչառական դիմակներ, 5000 մեկանգամյա օգտագործման դիմակ, 2 թթվածնային գեներատոր, արյան թթավածնի չափման 5 սարք, 5 ինֆրակարմիր ջերմաչափ, 10 մանրէազերծող լամպեր:

Այս նվիրատվությունները, ինչպես ասվում է, նպատակ ունեն աջակցել Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների և նրանց բանտերի ազգային վարչակազմին` պահպանել ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի՝ ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համատեքստում։

Նվիրատվությունները կատարվել են Արդարադատության նախարարությունների և բանտերի վարչակազմերի դիմումների հիման վրա՝ իրականացվող համագործակցության շրջանակներում։

Հայաստանին տրված աջակցությունը կատարվել է «Բանտերում առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության բարելավում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է ԵԽ-ի՝ Հայաստանի 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի միջոցով: