Նախարարը նախատեսում է դատապարտյալներին ներգրավել նոր աշխատանքներում
Հայաստանում դատապարտյալների ներգրավվածությունը որոշակի աշխատանքներում դեռ ցածր է, սակայն պետությունը նախատեսում է նրանց ներգրավել մի շարք նոր աշխատանքներում, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան։
«Քանի որ կառավարությունն ունի մեծ թվով թվայնացման աշխատանքներ՝ կամ սկանավորման կամ ինչ-որ մոդելով փաստաթղթերի թվայնացման, մտածում ենք, որ հնարավոր է մրցույթները նաև այդ պայմաններով հայտարարվեն, որ դատապարտյալները ներգրավվեն թվայնացման աշխատանքների մեջ»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ իրենք ուսումնասիրել են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատանքը՝ պարզելով, որ այն կանոնադրական նպատակներով չի աշխատել:
«Այն պետք է որոշակի ծառայություններ մատուցեր քրեակատարողական ծառայությանը, եթե դրանք շուկայականից ցածր գնով էին և նշված աշխատանքներում ներգրավեր դատապարտյալներին: Դատապարտյալների նվազ ներգրավվածություն կար, շուկայական գների մասով էլ որոշ մտահոգություններ կային»,-ասել է Բադասյան՝ հավելելով, որ իրենք երկու ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ իրականացրել են։
Բադասյանը հայտնել է, որ իրենք մինչ կորոնավիրուսի համաճարակը ծրագրել են դատապարտյալները խոհարարական դասընթացներ անցնեին ՔԿՀ-ներին սնունդ մատակարարող ընկերության հետ՝ ներգրավվելով այդ աշխատանքներում: Նախարարը նշել է, որ համագործակցության տարբերակ կա նաև կապված տնկիների՝ տեղում աճեցման հետ։