Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով։

Լեոնովիչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր աշխատանքային գործունեության 34 տարվա ընթացքում փորձել է անել առավելագույնը բնությունը պահպանելու և այն ավելի հարստացնելու ուղղությամբ։

«Այս դենդրոպարկը հայրս է հիմնել, իսկ այսօր ընտանիքս և ես շարունակում ենք հորս աշխատանքը և փորձում ավելի հարստացնել մեր բնությունը։ Որոշ խնդիրներ, իհարկե, կան, սակայն առաջնահերթ է մեզ համար՝ ունենալ ոռոգման ջուր։ Դույլերով ենք ջրում ծառերն ու թփերը, ինչն անգամ ծիծաղելի է»,- նշել է Լեոնովիչը և շնորհակալություն հայտնել պարգևատրման և իր աշխատանքը գնահատելու համար։ Գրում է «Արմենպրես»-ը։

Դենդրոպարկի տնօրենը հույս է հայտնել, որ դեռ երկար ժամանակ կկարողանա նույն եռանդով աշխատել։

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանն ասել էց, որ պարգևատրման օրը պատահական չի ընտրված՝ հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի պահպանության օրը։

«Մենք այսօր երախտագիտության մեդալ շնորհեցինք մի մարդու, ով բազմաթիվ տարիներ ջանք չի խնայել շրջակա միջավայրը բարելավելու համար»,- նշել է Մելիքյանը։

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի