Մարտի 6-ից արդեն գործարկվել է էլեկտրոնային առողջապահական համակարգը։ Եվ արդյունքում առաջացաել են խնդիրներ և դժգոհություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը: Փոխանցում է tert.am-ը։

«Անընդհատ աշխատանքային պրոցեսում գտնվող ստոմատոլոգներն չեն կարող ամեն վայրկյան նստել համակարգչի մոտ և մուտքագրումներ կատարել: Մենք բարձրացրել ենք հարց, որ փորձենք խուսափել հաճախումների մուտքագրումներից»,- հայտնեց նա:

Դեռևս նախորդ տարվա վերջին էր հայտարարվել ամբողջ առողջապահական համակարգի էլեկտրոնայնացման մասին, որն առաջին իսկ օրվանից դժգոհություն էր առաջացրել բուժաշխատողների շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգի խոսքով՝ ծրագիրը որպես այդպիսին շատ կարևոր է, սակայն այն ներդրվել է շատ կարճ ժամանակահատվածում. «Ծրագիրը պետք էր նախապես մարդկանց մատուցել, քննարկել ստոմատոլոգների հետ, նոր միայն ներդնել»։

Էլեկտրոնային առողջապահական համակարգի էությունը հետևյալն է՝ ստեղծել մեկ միասնական համակարգ, որտեղ ուղղակի տեսանելի կլինեն բոլոր հիվանդների տվյալները՝ անկախ ոլորտից:

«Մենք ունենում ենք հիվանդներ, որոնք գալիս են ստոմատոլոգիական ծառայություն ստանալու համար, հատկապես երիտասարդները, ասում են, որ իրենք առողջ են: Սա միջամտության ժամանակ կարող է խնդիրներ առաջացնել: Տվյալ պարագայում ունենալով այս համակարգի հնարավորությունը՝ բժիշկն ուղղակի կարող է մուտք գործել և ավելի մանրամասն ծանոթանալ նրա առողջական վիճակին»,- ասաց Լազար Եսայանը:

Այս դեպքում առաջանում է մեկ այլ խնդիր՝ անհատական տվյալների պաշտպանությունը: Ցանկացած մարդ, ով կարող է մուտք գործել տվյալ համակարգ, տիրապետում է բոլորի անհատական տվյալներին, ինչը մասնագետն անընդունելի է համարում: Ինչ վերաբերում է էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո ծառայությունների գների փոփոխությանը, ստոմատոլոգը նշեց, որ թանկացումներ կլինեն, բայց դժվարացավ նշել՝ որքանով:

«Ֆինանսական աճ բնականաբար կլինի, ծառայությունների թանկացում կլինի և այստեղ տուժելու են միայն այն կլինիկաները, որոնք լիցենզավորված են: Յուրաքանչյուր փոփոխություն ազդում է միայն օրինական դաշտում աշխատող կլինիկաների վրա»,- նշեց Լազար Եսայանը: