Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է պարետի որոշումների իրագործողներ դառնալ՝ կապված բազմամարդ հավաքույթների, սգո արարողությունների հետ։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ում վարակի տարածման համար շարունակում է մեծ խնդիր լինել սգո արարողությունները, բազմամարդ հավաքույթները։

«Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր, իսկ անգործությամբ՝ արձանագրվել մահեր»,- ասել է նախարարը։

Պապիկյանը նշել է, որ էական չէ, թե հանգուցյալն ինչից է մահացել, այդտեղ հավաքված մարդիկ կարող են վարակակրի հետ շփվել ու հետագայում դառնալ վիրուսակիր։

Նա հորդորել է քաղաքացիներին հետևել ՏԻՄ ղեկավարների և մյուս պատասխանատուների ցուցումներին։ Նախարարը խնդրել է ծննդյան, հարսանիքի կամ մեկ այլ բազմամարդ միջոցառում անցկացնելիս հետևել պարետատան սահմանած կարգին, այլ ոչ թե անել դա ծածուկ։