Քաղաքացին բջջայինով կարձանագրի երթևեկության կանոնների խախտումները
Բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կկարողանան արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտական բնակվող անձանց համար:
«Նախագծի ընդունման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին արձանագրելու հնարավորություն տալն է»,- ասել է նա։
Գրանցված խախտման հիման վրա վարչական վարույթ կներկայացվի, եթե այն հնարավորություն տա ֆիքսելու իրավախախտում կատարած ֆիզանձին, մեքենայի համարանիշը, խախտման վայրը և ժամանակը:
«Բացի այդ՝ այն պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում»,- ասել է Վահե Ղազարյանը։
Մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ հնարավորություն է տրվում ուղարկել տարեկան 30 էլեկտրոնային հաղորդում:
Ոստիկանապետի խոսքով՝ հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող 12 տեսակի իրավախախտում: