Հայաստանում կան ուժեր, որոնք համավարակի ընթացքում ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուժերը «վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն»:

Վարչապետն անդրադարձել է ընդդիմության կողմից հնչեցվող քննադատություններին, թե կորոնավիրուսի դեմ պայքարն իշխանությունը ձախողել է և հրաժարականի անհրաժեշտություն կա։

Փաշինյանը նշել է, որ համավարակի հաղթահարումից հետո քննության պետք է առնել շատ քաղաքական ուժերի պահվածքը և պետք է քննել ու հնարային գնահատական տալ, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը կամ հակառակը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք քաղաքական որոշ շրջանակներ կապ ունեն կեղծ լուրերի տարածման հետ, թե՝ ոչ։

«Ինձ համար այս տերմինաբանանությունը տեղին չէ, բայց քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմում, նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություններ արած անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի։ Այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, կարժանանան կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհի բոլոր մյուս երկրները։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնց կյանքը համավարակի օրերին դարձել է «լուսավոր կամ բարգավաճ» և նրանք վերածնվելու հնարավորություն են տեսնում։