Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության գործով կա 29 մեղադրյալ, որոնցից 4-ը նախկին ու ներկա պաշտոնյաներ են։ Այս մասին հայտնում է Դատախազությունը։

«Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ներկայացուցչի կողմից ՔԿ դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ դրամ՝ որպես վնասի վերականգնման երաշխիք:

Կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց փաստացի ղեկավարող անձանց կողմից հարկման հիմք հանդիսացող առերևույթ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եղանակով հարկերից խուսափելու, կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու առնչությամբ բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 4,211,416,057 դրամ վնաս:

Այսպես. Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքների կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և ենթակապալառու «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց միջև՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ:

Պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊԸ-ին է փոխանցվել ընդհանուր 1,162,260,574.5 դրամ:

Նախապես մշակված հանցավոր սխեմայով «Սթոնս» ՍՊ գործունեությունը փաստացի ղեկավարող «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ընկերության 2 աշխատակցի ներգրավմամբ հիմնադրել է 2 ՍՊ ընկերություն։ Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊԸ վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, «Սինոհիդրո քորփորեյշնից» ստացված դրամական միջոցները նշված 2 ՍՊԸ-ներին փոխանցելու, «Սթոնս» ՍՊԸ-ում դիվիդենտ-շահաբաժին ձևակերպելու միջոցով կանխիկացրել է գումարի մի մասը և այն առձեռն փոխանցել է Սեդրակ Առուստամյանին։ «Սթոնս» ՍՊԸ-ի կողմից «Սինոհիդրո քորփորեյշնի» հայաստանյան մասնաճյուղին է ներկայացվել 1,167,409,328.31 դրամի 7 կեղծ հարկային հաշիվ, որոնք ընդունվել են ընկերության կողմից և հարկերը վճարելուց խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության 2016 և 2017թթ. գործունեության հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում:

Միայն նկարագրված առերևույթ ապօրինի գործարքների արդյունքում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2,729,457,229 դրամ վնաս:

«Սթոնս» ՍՊԸ-ն փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, վերջինիս հետ հանցակցած 4 աշխատակցի, Չինական կապալառու կազմակերպության 3 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

Առուստամյանին նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորումը և նույն որոշմամբ այն փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: