Հայտնի է, թե ո՞ր դեպքերում արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվել է, թե ո՞րն է այն շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը:
«Տարբերակ առաջին` հայտնաբերվել է պատվաստանյութ, էֆեկտիվությունը հաստատվել է, ներմուծել ենք ու սկսել զանգվածային պաստվաստման գործընթաց»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի` երկրորդ տարբերակը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, ինչը կարող է հանգեցնել թվերի շարունակական նվազման:
«Օրինակ եթե էսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, ու այն հասնի 100-150, կարող ենք մտածել, որ արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն չկա»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` կորոնավիրուսային համավարակի ամենամեծ խնդիրը այն է, որ հստակ բանաձև չկար, թե ինչպես հսկողության տակ առնել հիվանդությունը: Փաշինյանը կոչ է արել հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի հայտարարություններին, որոնք իրարամերժ են, այնուհետև գնահատել Առողջապահության նախարարության հայտարարությունները: Վարչապետը հիշեցրել է, որ ԱՀԿ-ն նախ ասում էր` ասիմպտոմ վարակակիրները վարակ չեն փոխանցում, ապա ասացին, որ վարակ փոխանցում են:
«Ինչի է այսպես, որովհետև մարդկության և բոլորի իմացությունը դեռ շարունակում է զարգանալ նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ, և շատ երկար ժամանակ փորձի, սխալների, ձախողումների արդյունքում գտանք բանաձևը, որ պետք է կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը»,- ասել է նա:
Նրա խոսքով` Կառավարության խնդիրն է հակահամաճարակային կանոնների պահպանումը դարձնել համընդհանուր վարքագիծ:
Փաշինյանը խոսեց նաև այն դեպքերի մասին, երբ որևէ ձեռնարկությունում աշխատակիցների շրջանում կորոնավիրուս է հայտնաբերվում` ընդգծելով, որ վարակված անձի փաստը որևէ հիմնարկում դեռևս տվյալ ընկերության գործունեության դադարեցման հիմք չէ: Ընկերության գործունեության դադարեցման հիմքը հակահամաճարակային կանոնների չպահպանումն է: