Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ՀՀ-ում ոստիկանությունը չպետք է գործելուց վախենա, պետք է գործի ուժեղ, դուխով, օրինական և լինի կոշտ։

Նա պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, որն առնչվել է համացանցում տարածված մի տեսանյութի։

Պատգամավորը նշել է, թե դրանում մի ոստիկան և քաղաքացիական հագուստով մի անձ բերման են ենթարկել մի քաղաքացու՝ դիմակ ճիշտ չկրելու համար։ Փաշինյանը նշել է, որ ծանոթ չէ տեսանյութին, սակայն ենթադրելի է, որ ոստիկանները մարդուն բերման ենթարկելու համար բավարար հիմքեր են ունեցել։

«Ոստիկանությունը պետք է իր իրավասությունների սահմաններում գործի դուխով, վստահ, նաև օրինական։ Ոստիկանությունն ինչ անի՞, տպավորություն է, որ Ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա։ Ո՛չ, կանոնները խախտողները և հանցագործները պետք է պատերի տակով ման գան, և Ոստիկանությունը պետք է լինի դուխով։ Հերիք է, Ոստիկանությունն ինչ անի․․․ այն կարծես երկրի թիվ մեկ թշնամին է։ Ո՛չ, «բեսպրեդելն» է այս երկրի թշնամին, և դրա մթնոլորտը տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ոստիկանների՝ դիմակ կրելու պահանջից հետո քաղաքացիները չպետք է «լեզվակռիվ տան և հոխորտան»: Վարչապետի խոսքով՝ ինքնին դիմակ կրելը ուժ կիրառելու պատճառ չի կարող լինել, դա հետևանք է շղթայական գործողությունների։