Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում հակահամաճարակային կանոններին չհետևելը ՀՀ քաղաքացիների հավաքական վերաբերմունքն է պետական կարգի նկատմամբ։

«Մենք 500 տարուց ավելի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար։ Մենք պետական կարգ չենք ունեցել դարեր շարունակ, որը մեզ հարազատ կհամարենք։ Մեզ համար մեր պետությունը և պետական կարգը հարյուրամյակներով եղել է ինչ-որ օտարածին և օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետական կարգը նաև ասոցացվել է բռնության հետ։

Վարչապետի խոսքով՝ պետական կարգը ոչ թե ազատության գործիք է եղել, այլ ազատությունից զրկելու, և այն հիմա էլ է այդպես ընկալվում։ Ըստ նրա՝ մարդիկ հակառակվում են այն պետական կարգին, որի նպատակը պաշտպանելն է, այն ընկալվում է որպես ազատությունից զրկելու գործիք։

«Սա շրջադարձային պահ է մեր պետության համար, որովհետև մենք մեր երկարատև պատմության ընթացքում, նույնիսկ, երբ ունեցել ենք անկախ պետություն, մենք մեր սեփական կամքով կարգ չենք ստեղծել, դրա ստեղծումը միշտ հակոտնյա է եղել մեր կամքին։ Հիմա մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ, ինչը նշանակում է, որ մենք մեր միջից կջնջենք պետականազրկության վերջին ինֆորմացիան», - ասել է նա։

Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին հետևել հակահամաճարակային կանոններին և ստեղծել մի միջավայր, որտեղ կարգը չպահպանելը կլինի անընդունելի։