ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել հունիսի 14-ի առավոտյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին։

Ըստ հաղորդագրության՝ Կառավարության որոշումներից մեկով՝ 2014թ-ի հունվարի 1-ից կազինոները պիտի հանվեին բոլոր վայրերից՝ բացի Ծաղկաձորից, Սևանից, Ջերմուկից ու Մեղրիից։ Բացառություն էր արվել միայն 40 մլրդ դրամից ավելի նոր ներդրումների համար, որի դեպքում, որոշակի պայմաններով, թույլատրվում էր կազինոն կառուցել այլ տեղերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ թույլատրված վայրերում «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն (Ծառուկյանի ընկերություններից մեկը, շահագործում է «Շանգրի լա» խաղատունը, - խմբ․) իրավասու անձինք ներկայացրել են 2011թ-ից գործող «Շանգրի Լա» խաղատունը որպես ավելի քան 61 մլրդ դրամ ներդրումներով կառուցված կազինո։ Այնուհետև ծրագիրը ստացել է ՀՀ Կառավարության հավանությունը և 2013-ի դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը։ Դրա հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Այնուհետև, «Օնիրա Քլաբը» ստացել է խաղատան լիցենզիա, իսկ դրա իրավասու անձինք, անտեսելով օրենքի պահանջները, նույն տարածքի մեկ այլ վայրում՝ առանց հատուկ թույլտվության, խաղատուն են շահագործել, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750 մլրդ դրամի վնաս:

Փաստի առթիվ 2020թ-ի հունիսի 13-ին հարուցվել է քրգործ՝ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (պետությանն առանձնապես խոշոր վնաս հասցրած ապօրինի ձեռնարկատիրություն՝2-6 տարվա ազատազրկում՝ խմբ․) և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով՝ պատժվում է մինչև 3 տարվա զատազարկմամբ) հատկանիշներով։