Հունիսի 15-ին Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ազատումը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա նշել է, որ ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20%-ի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2%-ի գումարներից նվազագույնի չափով։

«Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։ Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։ Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է», - գրել է նա։

Պատգամավորի խոսքով՝ նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։