2014թ-ին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավար Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյանին պատկանող` 295,470,000 դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը։ Այդ մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով, որ այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712,400 դրամով:

Ըստ մեղադրանքի` հողատարածքը կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյանին` որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հա կադաստրային արժեքը 2014թ-ին կազմել է 29,400,000 դրամ: Այդ ժամանակահատվածում Դերենիկ Գևորգյանը հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը (բնակավայրերի) փոխել գյուղատնտեսականի:

Այսինքն` Դերենիկ Գևորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից: Այնուհետև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարել: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ 1 հա համար 67,500 դրամով` 29,400,000 դրամի փոխարեն:

Նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և Աբովյան համայնքի օրինական շահերին՝ օտարվել է որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294,757,600 դրամի գույքային վնաս:

Դերենիկ Գևորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել, պատժվում է ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով):

Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):

Հանցագործությամբ պատճառված 294,757,600 դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գևորգյանի և Կարապետ Գուլոյանի կողմից ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ ՀՔԾ դեպոզիտային հաշվին: Նախաքննությունը շարունակվում է: