Մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցել են նաև Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով նման ձևաչափով ներդրումային ծրագրերի քննարկումը՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ նպատակը պետական տարբեր կառույցներին քաղաքին առնչվող առաջարկները հասանելի ու լսելի դարձնելն է:

«Այս հանդիպման նպատակը լսված լինելու հանգամանքն է, որ բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հետաքրքիր առաջարկներ, հնարավորություն ունենան ներկայացնել այդ առաջարկները ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև կառավարությանը, որպեսզի երկու կողմերն էլ լսեն և, այսպես ասած, նույն գծի մեջ լինեն: Որպես երկրորդ քայլ, քաղաքային իշխանությունը և կառավարությունն իրենց համար հասկանան՝ ինչ ապագա պետք է ունենա քաղաքի այս հատվածը, որը մեր երևանցիների համար հարազատ, սրտին մոտ, իրենց մանկությունից եկող մի վայր է և չի կարող շարունակել մնալ այն վիճակում, որն այսօր կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհանդեսի միջոցով «Բերքլի Քեփիթլ», «Բողոսյան» հիմնադրամ, «Նոր Երևան» և «Դեֆի», «Ռենշին»,«Ռուցոգ ինվեստ» ներդրումային հոլդինգ, «Մանկական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրային առաջարկները: Դրանք նախատեսում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանցի և մարզական կենտրոնի ստեղծում, երկաթուղու արդիականացում ու կայարանների վերակառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում, Հրազդանի կիրճին կապող թունելների վերանորոգում և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն կունենան քաղաքի այդ հատվածը հանգստի լիարժեք գոտի դարձնելու, ինչպես նաև զբոսաշրջիկների համար ևս գրավիչ միջավայր ստեղծելու գործում:

«Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության գործընկերների հետ այս բոլոր ծրագրերը լսելուց հետո ի մի կբերի, կհասկանանք ներուժն այս ծրագրերի, իրավական մասերը և ըստ դրա կգանք մի որոշման: Այս քննարկումներին, որ մարդիկ ներկա են, տեսնում են, որ գործընթացը առավելագույն թափանցիկ է և առավելագույն անկողմնակալ: Ինձ համար քաղաքի շահն է կարևոր, թե տնտեսվարողը որքան գումար կաշխատի ինձ չի հետաքրքրում: Առաջին հերթին քաղաքի տեսքի, բնակիչների համար հարմարավետության և յուրաքանչյուր կառույցի նպատակահարմարության ապահովումն է, ինչպես նաև քաղաքի համար տնտեսապես արդյունավետ ներդումային ծրագրի կյանքի կոչումը, որպեսզի այն սկսվի և ավարտվի, լինի իրատեսական»,- նշել է Հայկ Մարությանը:

Քննարկման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել տնտեսվարողներին: