ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում․

«ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը և Գլխավոր դատախազի անտրամաբանական և լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։

Իշխանության ներկայացուցիչների այն մանկամիտ պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, և պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետեւ Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը և բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության։

Միաժամանակ տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ, առիթից օգտվելով, հիշատակում են ՀՀԿ-ի գրասենյակների մասին։ Տղաներ և աղջիկներ, նիկոլական լակոտապետության իրավապահ խամաճիկները այս երկու տարի է Հանրապետականի տեղը լավ գիտեն և բազում քաղաքական հետապնդման գործեր հարուցել են մեր հանդեպ, որոնց առնչությամբ դուք լուռ եք։ Ձեր՝ նման ընտրովի «արդարամտությունն» ոչ միայն ազնիվ չէ , այլև մեզ կրկին փուռը տալու գործելաոճը չգրված բարոյականության կանոններով թողնում է «ազդարարի» տպավորություն։

Ի վերջո, չե՞ք մտածում, բա որ իմ համակարգչի մեջ, օրինակ, ձեզ հետ տարիների ընթացքում եղած շփումների տարաբնույթ արձանագրումները ԱԱԾ-ն առգրավի և հրապարակի։

Իմ համերաշխությունն եմ հայտնում քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին և գործիչներին»։