Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն և առաջադրված մեղադրանքին:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով` ըստ որոշ շրջանակների` Ծառուկանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի սրա վերաբերյալ երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է վերջին երկու տարվա վիճակագրությունը, ըստ որի՝ 2018թ-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները Կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, գործող պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ, վերջինս կալանավորվել է, և գործն ուղարկվել է դատարան, կայացվել մեղադրական դատավճիռ:

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ այս տարվա հունվարի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ անձ մահացել է: Այդ գործով Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է որպես վկա, խուզարկություն է իրականացվել նրա բնակության վայրում, այդ թվում` Ծաղկաձորի առանձնատանը:

Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ 2019թ-ի դեկտեմբերին հարուցված քրեական գործում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի փեսային` Կարապետ Գուլոյանին, և մեղադրանքով առաջադրված վնասը փոխհատուցվել է:

Հաջորդ հարուցված գործը առնչվում էր Հյուսիս-հարավ ավտոճանապարհին, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին, վերջինս 2019թ-ի սեպտեմբերի 20-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ հարուցված քրեական գործ շրջանակում:

«Ես ուզում եմ սրան ավելացնել, որ մի քանի անգամ հայտարարել եմ կոռուպցիոն գործերով իրապահներն էֆեկտիվ չեն գործում»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ նախորդող պաշտոնանկություններում մեծ դեր է ունեցել նաև այս պրոցեսը:

Վարչապետի խոսքով` որոշ օղակներ այս գործընթացն արհեստական ձգձգում են, և որոշ քրեական գործեր առաջ չեն գնում:

«Էս ընթացքում իրավապահ համակարգում ունեցել ենք խնդիր. առավոտ 7-ին իրավապահները գնում են խուզարկության, տեսնում տան տիկինը մակիաժով, երեկոյան զգեստով դուռը բացում է: Նախկինում իշխանությունները քրեական գործերը օգտագործում էին, որ էդ ուժերին պահի կանտրոլի տակ, մտնեն կոալիցիա, քանի որ լեգիտիմության խնդիր են ունեցել: Մեր իշխանությունը նման խնդիր չունի, մեզ պետք չէ քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ խոսալու ձևը ընտրեն, մենք իրենց խոսալու ձևը կսովորեցնենք, ժողովուրդն իրենց ստեղից վռնդելու է ընդհանրապես»,- ասել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև այն քննադատություններին, որ չի բացահատվել ՀՀԿ-ի ընտրակաշառքների դեպքերը, ասելով, որ այդ քննադատությունն ընդունում է, և պետք է իրավապահների առաջ խնդիր դնել` բացահայտել բոլոր կուսակցությունների բաժանած ընտրակաշառքի դեպքերը:

«Կոռուպցիոն համակարգն իր ամենավերջին ղազագրով պետք է արմատախիլ անել»,- ասել է նա:

Փաշինյանը նաև ասել է` ժամանակին մի օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որ համակարգային ընտրակաշառք բաժանած կուսակցությունների գոծունեությունն արգելվի: Նա շեշտել է՝ ժամանակն է նման նախաձեռնությունը կյանքի կոչել: