Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019թ-ի գործունեության մասին զեկույցը, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկը, որը հատկապես վերաբերում է Հայաստանի, բայց նաև՝ Մոլդովայի իշխանություններին, վերաբերում է մի կողմից ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխությունների անհրաժեշտությանը, մյուս՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն: Հիմա՝ այս շաբաթվա մեր նստաշրջանում, մենք հաստատելու ենք մոտ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ»,- ասել է Բուքիքիոն՝ մասնավորեցնելով, որ այս կարծիքները, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկին և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության հարցերին: