Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական վերջին զարգացումները, որոնք դատապարտել է իր գլխավորած ՀՀԿ գործադիր մարմինը։ Նա մասնակցել է Բրյուսելում անցկացված Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:
Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ մեկ այլ՝ «պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին»:
ՀՀ երրորդ նախագահն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017թ-ին ստորագրված համաձայնագրի իրագործման ընթացքին` նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:
Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նա հորդորել է գործընկերներին` անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա: