Գյուղական համայնքում բնակվող ծնողը, եթե աշխատող համարվի, երեխայի խնամքի 2 նպաստ կստանա՝ 53,000 դրամ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Առաջարկվում է գյուղաբնակ ծնողին երեխայի խնամքի նպաստ նշանակել և վճարել, անկախ ծնողի՝ որպես վարձու աշխատողի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:

Նպաստը կստանան հուլիսի 1-ից հետո ծնված երեխաները։

Նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսի փոխարեն կլինի 12 ամիս, այն լիազորագրով ստանալու դեպքում սահմանված ժամկետը նույնպես 6-ի փոխարեն կսահմանվի 12 ամիս:

Ըստ նախագծի՝ չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար, եթե մինչ այդ չի վճարվել: Ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը վերացվել է, այդ պահանջը պահպանվել է միայն երեխայի պարագայում: