ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 2 մլրդ դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո գրավի գումարը վճարելուն մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հայտարարության մեջ։

Նա նշել է, որ անունները կհրապարակվեն առաջիկայում, ինչպես նաև Քոչարյանի, նրա ընտանիքի և պաշտոնաթող նախագահի գրասենյակի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ողջունելով դատարանի որոշումը մոտ 500 օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով, միևնույն ժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ։

Սա աննախադեպ մեծ գումար է, որը Հայաստանում երբևէ չի կիրառվել որպես գրավ։ Նման չափի գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել յուրաքանչյուր մեկի ազատ արձակվելու հնարավորությունը և ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։ Հատկապես, որ գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։

Թերևս այս հանգամանքի ակնհայտությունն էր պատճառը, որ դատական վճռի հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ զանգեր ենք ստացել առանց չափազանցության հարյուրավոր անհատներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել գրավի վճարման հարցում՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով։

Վստահ եմ, որ տեղի ունեցածը արդարության վերականգման առաջին քայլն է միայն»։