Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում 18 000 հազար հեկտար՝ հիմնականում անտառածածկ տարածքներում «Պոլիմետալ» անվամբ օֆշորային ընկերությունը պատրաստվում է մետաղներ որոնել: Մարտի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախատեսված են հանրային լսումներ տարածաշրջանում հանքարդյունաբերության նպատակով հետազոտական գործունեության վերաբերյալ:

Այս մասին հայտնել է ծնունդով նոյեմբերյանցի, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ Tert.am-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ։ Սաֆարյանը մեծ վճռականությամբ հայտնել է, որ թույլ չեն տալու չքնաղ Նոյեմբերյանը դարձնել «հերթական բաց վերքը»:

«Նախ, որովհետև իրոք չնաշխարհիկ բնություն է, որը չի կարող ապականվել: Եվ որպես այս տարածքի բնակիչ՝ ինքս էլ փորձելու եմ մասնակցել լսումներին, որոնց նպատակն իմ չքնաղ հայրենիքում հերթական բնապահպանական վերքը սարքելն է: Սա հանցագործություն է: Առավել ևս, որ այդ կազմակերպությունը Հայաստանում հանքարդյունաբերության մեջ չի փայլել իր պարկեշտությամբ՝ Կապանում այդ կազմակերպության կողմից բնությանը և ոչ միայն՝ նաև բնակչությանը պատճառված վնասները սարսափելի են: Առանց այդ էլ, նայում ես Թեղուտի այդ վերքին, սարսափելի տեսարան է՝ չնաշխարհիկ բնության կողքին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ երեկվանից հաշված ժամերի ընթացքում ստեղծվել է «Ո՛չ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խումբը, որն արդեն իսկ ստորագրահավաք է կազմակերպել Change.org կայքում: Եթե առավոտյան այդ գործունեությունը կասեցնելու օգտին 540 մարդ էր ստորագրել, ապա մինչև կեսօր արդեն իսկ ստորագրությունների թիվն անցնում էր 1000-ը:

«Դեմ ենք Նոյեմբերյան համայնքում ընդերքօգտագործման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններին։ Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն», - ասված է ստորագրահավաքին կից ներկայացված տեքստի տակ:

Նամակը հասցեագրված է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանին:

Ստյոպա Սաֆարյանը տեղեկացված է, որ «Պոլիմետալը» օֆշորային գոտում՝ Կիպրոսում գրանցված ընկերություն է:

«Ակտիվների մեծ մասը Ռուսաստանում է, թե ինչ է անում ՌԴ-ում, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել, բայց հայաստանյան ակտիվների մեջ հիշատակվում է Կապանը. այս կազմակերպությունն ակնհայտորեն անմաքուր կազմակերպություն է, որի նպատակն է երկրի ընդերքը թալանելն ու դուրս գալը», - ասաց Ստյոպա Սաֆարյանը, ով խոստանում է լրջորեն ուսումնասիրել, թե ով կամ ովքեր են կանգնած այդ ընկերության հետևում, նաև՝ հայաստանյան որ պաշտոնյաները կամ գործարարներն են առնչվում դրան:

«Ակնհայտ է, որ նրանք շատ ոչ պատահական մարդիկ են՝ անելով այն, ինչ արեցին Կապանում: Եվ այս կտրվածքով՝ ուղղակի անթույլատրելի է, և թույլ չենք տալու», - մեկնաբանեց քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանը բժշկական համապատասխան վիճակագրություն չունի, բայց սիրողական մակարդակով ուսումնասիրելով՝ կասկածներ ունի, որ մարզում և Նոյեմբերյանում վերջին շրջանում խիստ շատացել են քաղցկեղի և դրանից մահացության դեպքերը: Նրա կարծիքով՝ հանքարդյունաբերությունը մեծապես կավելացնի այս հիվանդության ռիսկը։

«Ես իմ հարևանության մեջ, իմ տարածքում նման մի ահասարսուռ դինամիկա եմ տեսնում: Տեղից սա ստրեսի գոտի է, պատերազմի գոտի և մի հատ էլ ապականել այն: Ի վերջո, այս ապականված շրջանում մարդիկ անասունը սարեր են տանելու, այդ սարերում են պահվում կենդանիները, այդ վայրերում նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում: Դուք պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները, ռիսկերն է՞լ ավելի մեծացնենք», - հարցնում է քաղաքագետը:

Խմբի համակարգող Սուրեն Անանյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ խումբը ստեղծվել է խնդրի գերհրատապ լինելու պատճառով, և նպատակը Նոյեմբերյանի ու տարածաշրջանի հանրության կարծիքը հանրայնացնելն է: Նրանց անհանգստացնում է այն, որ այս մասին տեղեկանում են հիմա, քանի որ ակնհայտ է, որ բանակցությունները վաղուց են սկսված եղել:

Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Խաչիկ Գիշյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե իրենց անհանգստացնո՞ւմ է այս ընկերության հնարավոր գործունեությունը, ասաց. «Մենք, նախ, առաջնորդվում ենք օրենքով սահմանված կարգով. հարցը քննարկվել է ավագանու նիստում, հետո լինելու է հանրային քննարկում, եթե հանրությունը կորոշի, որ դա մեր տարածքին պետք է, ընդերքի հետազոտությունը կկատարվի, եթե ավագանին հանրային քննարկման ընթացքում կորոշի, որ դա մեզ պետք չէ, միանշանակ պետք չէ»:

Հարցին էլ, թե արդյո՞ք բնապահպանների կարծիքը պատշաճ ներկայացված է լինելու, փոխքաղաքապետը պատասխանեց, որ մարդիկ գալու են և «հանգամանալից ներկայացնելու են հարցի էությունն ու բնույթը»: