«Ազնավուր» հիմնադրամը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում են համագործակցության մասին, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ արվեստի ոլորտում կրթություն ստացող տաղանդաշատ երիտասարդների համար: Այս մասին հաղորդում է «Ազնավուր» հիմնադրամը:

2018թ. «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքի անդամները դիմում էին ստացել Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությունից՝ այն Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Այնուհետև, հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը այցելել են քոլեջ, հանդիպել ինչպես ղեկավարության, այնպես էլ ուսանողների հետ: Հանդիպումների արդյունքում տրվել է անվանակոչման համաձայնությունը:

Դրանից հետո, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի և արդյունավետության բարձրացման քաղաքականության շրջանակներում հայտարարվել է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը կմիավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ 2020թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ կայացվել է միավորման որոշումը, իսկ հունիսի 22-ին նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ազնավուր» հիմնադրամի համար առաջնային կարևորություն ունի, թե նորաստեղծ քոլեջը ինչ արժեքներ ու հնարավորություններ կարող է ստեղծել երիտասարդ արվեստագետների նոր սերունդների համար։ Այս հարցերի լավագույն լուծումները նախանշելու և մշակելու նպատակով հիմնադրամը և ՀՀ ԿԳՄՍՆ-ն նախատեսում են ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որով կամրագրվի քոլեջի զարգացման ռազմավարության շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամությունը, հաստատության՝ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչման նախաձեռնումը, ինչպես նաև հիմնադրամի և նորաստեղծ քոլեջի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: