Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որոնք վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ներդրման համար անհրաժեշտ գործիքակազմին:

Փաթեթով հստակեցվում է գլխավոր դատախազության կազմում գործելիք ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրմամբ զբաղվող վարչության աշխատակիցների վարձատրության չափերը:

Առաջարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի աշխատավարձի գործակիցը սահմանել 10, ըստ այդմ՝ աշխատավարձը կլինի շուրջ 661 հազար դրամ` հարկերը ներառյալ: Նույն վարչության պետի տեղակալի աշխատավարձի գործակիցը սահմանվել է 9.50, աշխատավարձը կկազմի շուրջ 628 հազար դրամ:

Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ: