Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պատգամավորների բացակայությունները հարգելի են համարվում բացակայած պատգամավորների ներկայացրած և ԱԺ նախագահի հաստատած դիմումների հիման վրա: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանից ստացված մեր գրավոր հարցման պատասխանից:

Հարցին, թե ԱԺ աշխատակազմն ինչ չափորոշիչների հիման վրա է այս պայմաններում բացակայությունները հարգելի համարում, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն ասել է, որ չափորոշիչները տարբեր են, օրինակ` ուղեկցող խրոնիկ հիվանդությունների մասին գրավոր տեղեկանքը:

ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են նաև, որ պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարվել են նաև արտակարգ դրության հաստատումից հետո` հերթական, արտահերթ ու հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայությունների համար:

Հիշեցնենք, որ մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ են դրել նախագիծ, որը հնարավորություն է ընձեռում պատգամավորներին քվեարկության մասին գրավոր տեղեկացնել, եթե վերջիններս ճանաչվել են ժամանակավոր անաշխատունակ: