ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հունիսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիմպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։

Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք, բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապվել պարետատուն։ Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)»,-ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը նշել է, որ ինքնազգացողությունը լավ է՝ չհաշված «ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները»։