ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որտեղ նա ՀՀ անկախության ամբողջ պատմությունը «ամոթի պատմություն» էր անվանել, հայտարարել է, որ այն վկայում է՝ Ալիևը ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխությունները դիտարկում է որպես սպառնալիք իր իշխանությանը:

«Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

Կարծում ենք, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և հաշվետու իշխանությունները: