«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին մի քանի օրվա ընթացքում դիմելիությունը նվազել է, թեթևացած հոսք է արձանագրվել։Այս մասին հայտնել է հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյանը «Ազատության ռադիոկայան»-ի եթերում։

«Վերջին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի, մենք ունենք համեմատաբար թեթևացած հոսք՝ ոչ մեծ քանակի հոսք է եղել հիվանդանոց, գուցե բացատրելի է դա պոլիկլինակական ծառայության ընդգրկումով աշխատանքի մեջ կամ իսկապես նվազման միտումով: Այս պահին դա ասել չեմ կարող, բայց փաստել կարող եմ, որ այո, վերջին 3 օրերի ընթացքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց դիմելիությունը մի փոքր նվազել է: Ես հույս ունեմ, որ սա արդեն նվազման միտումի է տանում, քանի որ այդ թվերը` 750 և այլն, դրական թեստերի արդյունքներն են, բայց ոչ հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների արդյունքները: Այսինքն` եթե դրական թեստերը բարձր են, և թիվը բարձր է, սակայն մի մասը չունի հիվանդանոցային բուժման կարիք, բնականաբար հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ևս իջնելու է»,- ասել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ եթե հունիսի 29-ին և 30-ին ևս դանդաղ հոսք լինի, կարելի է ասել, որ ՀՀ-ն գնում է դեպի հոսքի նվազման։