Առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 դեպք, որոնք իրենց հետ բերել են Հայաստան ժամանող անձինք։ Հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է: Քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության պաշտոնական էջից։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016թ․-ի համեմատությամբ` 2017թ․-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Առավել ծանր է համաճարակային իրավիճակը Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։

«ՀՀ-ում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս պահպանվում է կայուն համաճարակային իրավիճակ, սակայն հիվանդության պարբերաբար ներկրումը, ինչպես նաև տարիների ընթացքում չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ։ Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։