Նյու Յորքում անցկացվող SR Socially Relevant Film Festival 2020 առցանց մրցանակաբաշխությունը հայտարարել է մրցանակակիրների անունները: «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Հայաստանից ներկայացված ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի:

2018թ-ին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» շարքում։ Ֆիլմում նկարահանվել է Միքայել Պողոսյանը, Իրեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Եվգենիա Դմիտրիևա և ուրիշներ։

Ֆիլմը պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից տարօրինակություններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մեկ դերասանի, այլ նաև մարդկանց կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ:

Լորիկը փողոց է դուրս գալիս թատերական հագուստով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նրան չի ջերացնում անգամ տնտեսուհի Աննայի անկեղծ սերը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների հույզերով:

Հասարակությունը զբաղված է հանապազօրյա հաց հայթայթելով, նորագույն տեխնոլոգիաները գերիշխում են կյանքում՝ մարդկանց զրկելով հոգևորից: Թատրոնը փակվելուց հետո շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա։