«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը։ Այս մասին հայտնել է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Մարտի 14-ին համայնքում տեղի է ունեցել քննարկում, որին ներկա են եղել ընկերության տնօրենը և տեղակալը, հրավիրված են եղել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի մասնագետներ: Ընդհանուր քննարկման արդյունքում նրանք հասկացան, որ այստեղ անիմաստ է նման աշխատանքների իրականացումը: Կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ: Այս զրույցից հետո այսօր առավոտյան կապվեցին ինձ հետ և տեղեկացրին, որ որոշել են չեղյալ համարել հանրային լսումը (կայանալու էր մարտի 20-ին): Նրանք հրաժարվում են իրենց մտքից, տպավորություն կա, որ որոշումը ժամանակավոր չէ»,- ասաց Աբազյանը: