Հուլիսի 5-ից Ղազախստանում հայտարարվել է երկշաբաթյա կարանտինային խիստ ռեժիմ։ Չի գործելու միջմարզային տրանսպորտը, քաղաքային տրանսպորտը գործելու է սահմանափակումներով։ Արգելվելու են զանգվածային միջոցառումները, չեն գործելու փակ շուկաները, գեղեցկության սրահները, կինոթատրոնները, կրոնական կառույցները, սպորտային ակումբները, թանգարանները, ցուցասրահները, ֆուդկորտերը, ժամանցի կենտրոնները։ Այս մասին հայտնում է ղազախական Tengri News-ը։

Սահմանափակվելու է 65 տարեկանից բարձր քաղաքացիների տեղաշարժը, իսկ դրսում 3 հոգուց ավելի խմբերին արգելվելու է քայլել միասին։ Կազմակերպությունների անձնակազմի 80 տոկոսն աշխատելու են տնից։

Կախված իրավիճակից` կարանտինը կարող է երկարացվել ևս 2 ամսով կամ ավելի խստացվել։

Խիստ կարանտին մտցնելու հանձնարարականը տվել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա քննադատել է կորոնավիրուսի դեմ պայքարող պետական աշխատողներին։

Երկշաբաթյա կարանտին մտցնելու սցենարն ավելի վաղ ներկայացրել էր երկրի նոր առողջապահության նախարարը, որը նշանակվել էր պաշտոնին հունիսի 25-ին։ Նախորդ նախարարը վարակվել էր կորոնավիրուսով և ազատվել պաշտոնից։ Ըստ սցենարի ՝օրական կարող էր գրանցվել մինչև 7000 դեպք, իսկ օգոստոսի վերջին 80,000 մահճակալի կարիք էր լինելու։ Իսկ 4-շաբաթյա կարանտինային սցենարով՝ օգոստոսի վերջ գրանցվելու էր օրական հոսպիտալացում պահանջող 2500 դեպք և ընդհանուր 30 հազար մահճակալ։