ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով նիստը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է։ Քննվելու էր նրա հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով էր ուղարկվել, այս պահին դատարան չէր հասել, և, ըստ էության, կարճ ժամկետում էր ներկայացվել դատական նիստը, քանի որ օրենքի պահանջն էր այսպիսին։ Բնականաբար, քանի որ դատարանը և կողմերը չէին ստացել բողոքների մի մասը և չէին ծանոթացել դրանց, այսօր այսքանով ավարտվեց։ Որևէ քննություն այսօր չեղավ», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: