ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս փոփոխությունը ՀՀ վառելիքի շուկայում մրցակցությունն է ստեղծելու՝ ազդելով Հայաստանում բենզինի շուկայի վրա: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ շուկան կդիֆերսիֆիկացվի, և կհայտնվեն նոր խաղացողներ:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ նշել է, որ 2018թ-ից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում մեղմացել են, սակայն չի նշանակում, որ վերացել են:

«Մենք, մեր քաղաքական հանձնառությամբ պետք է ՀՀ-ից մինչև վերջ և անմնացորդ որևէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք: Մարդիկ պետք է ունենան հնարավորություն որակյալ և հնարավորինս էժան ապրանք ձեռք բերելու:

2018թ-ից հետո և բենզինի, և դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը` շատ դժկամությամբ: Հիմա նույն արագությամբ են արձագանքում թե գների նվազմանը, թե բարձրացմանը», - ասել է վարչապետը։