Ըստ Թոխատյանը պնդում է՝ գույքահարկի օրենքը հասարակական ճնշմամբ պետք է վերանայվի
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրենքին, հայտնել է, որ գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի։
Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, որը ստորագրել են նաև Վահան Արծրունին, Հրանուշ Խառատյանը, Զարուհի Մուրադյանը, Լևոն Չուգասզյանը, Մարկ Գրիգորյանը:
Նշվում է, որ հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հրավերով հեռավար քննարկում է եղել քաղաքացիների 5 մարդուց բաղկացած խմբի և օրենքի փոփոխությունների հեղինակների, Ֆինանսների փոխնախարարի և Կադաստրի վարչության պետի միջև: Քաղաքացիների խումբը նախապես ուղարկել էր իր նկատառումները և որոշ առաջարկություններ: Քննարկմանը հրավիրված քաղաքացիների կողմից բարձրաձայնվել են օրենքի բովանդակային և հանրային քննարկումների բացակայության մասին խնդիրներ:
Նշվում է նաև, որ օրենքը ստեղծող, պաշտպանող և ընդունող կողմը տնտեսական և ֆինանսական հիմնավորումներով ներկայացրել է հատկապես օրենքի տեխնիկական բաղադրիչը:
«Մեր առաջ քաշած բոլոր հարցադրումները համարվեցին օրենքի ոգուն և նպատակներին չհամապատասխանող: Օրենքը հետ կանչելու, հանրային քննարկում ապահովելու և վերանայելու մեր առաջարկին պատասխանեցին, որ դա այլևս հնարավոր չէ, բայց մինչ օրենքն ուժի մեջ մտնելը այն կարող է լրացվել:
Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա մասնագիտական և հանրային լուրջ քննարկման առարկա և հասարակական ճնշման ազդեցության տակ վերանայվի, հաշվի առնելով բոլոր բաղադրիչները: «Մեզ պետք է իսկապես մարդակենտրոն և մշակութակենտրոն օրենք, ոչ թե ֆինանսա-տնտեսագիտական ցիրկուլյար», - ասվում է հայտարարության մեջ: