Հայաստանն ինչ-որ չափով կարողանում է զսպել կորոնավիրուսի տարածումը և հունիսի կեսերից արդեն ուղիղ գծի վրա է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պայթյունավտանգ իրավիճակ չունենք: Ըստ նրա՝ բոլոր կանխատեսումներով՝ այս պահին պետք է ունենայինք 30,000-ից ավելի դեպք՝ 27,000-ի փոխարեն։

«Պետք է հիշենք, որ հիմա մենք գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի ավելի բեռ է առողջապահական համակարգի վրա: Օրինակ՝ այսօրվա դրությամբ մենք առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը 2 դեպք ենք ունեցել՝ ի տարբերություն, օրինակ, երեկվա 20-ի: Հետևաբար՝ այսօր իրավիճակն ավելի լավ է, քան երեկ: Իրավիճակն ամեն օր փոխվում է»,- ասել է նախարարը:

Նախարարը նաև անդրադարձել է հոսպիտալացման կարիք ունեցող այն քաղաքացիներին, որոնց բուժօգնությունը երբեմն ուշանում է:

«Կոնկրետ դեպքերով աշխատում ենք նաև կոնկրետ լուծումներ տալ, նաև թեստավորման ծավալների ավելացման, արագացման, նման քաղաքացիներին տանը բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև այն բժշկական հաստատություններում, որոնք կորոնավիրուսով չեն զբաղվում, հատուկ բաժանմունքների առանձնացմամբ, որոնք կզբաղվեն դեռևս չհաստատված դեպքերով»,- նշել է նա:

Թորոսյանը նաև հայտարարել է, որ հրաժարակ տալ չի պատրաստվում, ու կպատասխանի կորոնավիրուսի դեմ պայքարը քննող ձևավորվելիք հանձնաժողովի բոլոր հարցերին։