Վլադիմիր Պուտինը Ռուսաստան է «հրավիրում» աշխատող-միգրանտների
Ռուսաստանը հետաքրքրված է երկիր աշխատող-միգրանտների հոսքով, քանի որ սպասվելիք աշխատուժի պակասը տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ռիա Նովոստի-ն։
«Նրանք պետք է լինեն երիտասարդ, կրթված, առողջ մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կամ կրթություն ստանալու և ապա անցնելու աշխատանքի կամ, ունենալով մեզ անհրաժեշտ որակավորման կամ մասնագիտության համապատասխան մակարդակ, միանգամից անցնել աշխատանքի», - ասել է ՌԴ նախագահը։
EADaily-ն գրում է, որ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից հազարավոր գաստարբայտերներ կորոնավիրուսի պատճառով ծանր իրավիճակում են հայտնվել՝ կորցրել են աշխատանքը և չեն կարողանում վերադառնալ տուն՝ փակ սահմանների պատճառով։ Պետություններն իրենց քաղաքացիներին տարհանում են, սակայն ոչ խնդրի լուծման համար անհրաժեշտ տեմպերով։ Օրինակ՝ ըստ Ղրղզստանի դեսպանության տվյալների՝ 7500-ից ավելի մարդ դիմել է՝ Ռուսաստանը լքելու համար։
Հայաստանը նույնպես Ռուսաստանից տարհանում է աշխատանքը կորցրած ՀՀ քաղաքացիներին։