Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

Սահակաշվիլիի աջակիցները մտադիր են մի քանի վրան խփել քննչական մեկուսարանի մոտակայքում, որտեղ նա պահվում է, և հերթապահություն իրականացնել։

Ինչպես հայտնում է Униан-ը, Սահակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկուն նշել է, որ քաղաքական գործիչը, ով գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, անժամկետ հացադուլ է հայտարարել: 

«Սահակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։ Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ եթե դատարանը վճռի 60 օրով կալանավորել նրան, Սահակաշվիլին ավելի կոշտ ձևով կշարունակի իր հացադուլը։

Դեկտեմբերի 8-ին ուժայինները ձերբակալել են Միխեիլ Սահակաշվիլիին ու նրան տեղափոխել քննչական մեկուսարան։ Շուտով այնտեղ էին հայտնվել նրա կողմնակիցները։ Քննչական գործողությունների ավարտից հետո գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգսյանը հայտնել է, որ դատախազությունը դատարանին խնդրելու է Սահակաշվիլիի համար որպես խափանման միջոց տնային կալանք սահմանել՝ թևնոց կրելու պայմանով։