Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ և 22-րդ միջոցառումներով նախատեսված աջակցության համար դիմած և սխալ տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ դիմելու: Այդ մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է, որ դիմումի մշակման արդյունքում հնարավոր է մերժում, եթե քաղաքացին ներկայացրել է վճարային քարտի տվյալներ, որը պատկանում է այլ անձի, եթե վճարային քարտի համարը սխալ է, կամ եթե վճարային քարտը գործող չէ։

Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։

Միջոցառումներով սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմում՝ լրացնելով բացառապես դիմող քաղաքացու քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։