ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ․ ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերոնշյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավված՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի Բ․ Դ-ն, տեղեկացված լինելով իր սահմանահատումների արգելքի մասին և գիտակցելով նշված պայմաններում իր անձնագրով ՀՀ սահմանը հատելու անհնարինությունը, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների հետ, 2019թ. սեպտեմբերին ստեղծել են կազմակերպված խումբ, ովքեր իրականացրել են Բ․ Դ-ի կողմից խմբի անդամ, ՀՄՀ քաղաքացի Զ․ Ս-ի անձնագիրն ապօրինի օգտագործելու եղանակով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ:

Նախ՝ իրենց գործողությունները քողարկելու և իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով Երևանում նախատեսված ԵԸՄ գագաթնաժողովի անցկացման օրը՝ 2019թ. հոկտեմբերի 1-ը, ընտրվել է որպես Բ․ Դ-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու բարենպաստ օր՝ օգտագործելով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով տարբեր պետությունների պատվիրակությունների՝ ՀՀ ժամանելու և մեկնելու հանգամանքներով պայմանավորված օդանավակայանում ծառայություն իրականացնող սահմանապահ զորքերի ծառայողների ծանրաբեռնվածությունը։

Այնուհետև, Բ․ Դ-ն, շահագործելով իր նախկին աշխատակցի վստահությունը՝ օգտագործել է ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների հետ նրա ունեցած կապերը, և խմբի մի քանի այլ անդամների ներկայացրել է, իբր, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպության անդամների։ Վերջիններիս կողմից, իբր, ՀՀ-ում ծրագրեր իրականացնելու պատրանք ստեղծելու, նրանց համար այլուրեքություն ստեղծելու նպատակով, իր նախկին աշխատակցուհուն խնդրել է 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կազմակերպել նրանց ու ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Այդ պատրվակով կազմակերպված խմբի անդամները, այդ թվում նաև Զ․ Ս-ն, ժամանել են Երևան, որպես իրենց այլուրեքության ապահովում, հանդիպել աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ապա կազմակերպված խմբի անդամենից 4-ը, այդ թվում Բ․ Դ-ն՝ Զ․ Ս-ի անձնագրով, վերադառնում են «Զվարթնոց» օդանավակայան և մեկնում Հայաստանից:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահի փաստաթղթերի ստուգման անցակետի վերակարգում ներգրավված, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, ենթասպա, Գ․ Գ-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ ՀՀ-ից ելքի իրավունք տվող՝ Զ․ Ս-ի անվամբ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը չի նույնականացրել այն ապօրինի իրացնող Բ․ Դ-ի անձի հետ, չի պարզել ներկայացվող փաստաթղթի պատկանելիությունն ու վավերականությունը, փաստաթղթերի ստուգման միջոցով չի բացահայտել անձի ինքնությունը: Եվ ապօրինի իրացված անձնագիրը վերցնելու փոխարեն այդ անձնագրում ելքի թույլտվության կնիք է դրել և հաստատել ՀՀ պետական սահմանը հատելու իրավունքը:

Բ. Դ-ի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելը վերջնականապես իրագործելուց հետո, կազմակերպված խմբի անդամները ձեռնամուխ են եղել Զ․ Ս-ի վերադարձը կազմակերպելու նախապես ծրագրավորած գործընթացին: Այդ նպատակով խմբի անդամներից մեկը 2019թ. հոկտեմբերի 5-ին ժամանում է ՀՀ, Զ․ Ս-ին փոխանցում նրա անձնագիրը և վերադառնում։

Զ․ Ս-ն, ձեռք բերելով ավիատոմս, ՀՀ-ից մեկնելու նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ին ուղևորվում է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն մտադրությունն իրականացնել չի հաջողվում, քանի որ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվում է Զ․ Ս-ի անձնագրում ՀՀ մուտքի կնիքի բացակայությունը, արգելվում նրա սահմանահատումը, և վերջինս ձերբակալվում է։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՍՀ քաղաքացի Զ․ Ս-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գ․ Գ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործից այս դրվագով մասն անջատվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։