Ղազախստանում գումարվել է այս տասնամյակում առաջին տարածաշրջանային գագաթնաժողովը, ինչը վկայում է 2016թ․-ին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվանը հաջորդած փոխհարաբերությունների բարելավման մասին: Այս մասին հայտնել է azatutyun.am-ը։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում ընդունել է Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևին, Սորոնբայ Ջեենբեկովին և Էմոմալի Ռահմոնին:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գագաթնաժողովին չի մասնակցում, նրան ներկայացնում է խորհրդարանի խոսնակ Ակյա Նուրբերդիևան: Գագաթնաժողովը գումարելու առաջարկով հանդես է եկել 2016թ․-ի սեպտեմբերին հանգուցյալ Քարիմովին փոխարինած Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևը:

Քարիմովի ղեկավարման 27տարիների ընթացքում Ուզբեկստանի հարաբերությունները Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրմենստանի հետ վատթարացել են տրանզիտային ուղիների, սահմանների անվտանգության, ջրային պաշարների և այլ հարցերի շուրջ ծագած վեճերի հետևանքով: