Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային գործակցության և փոխօգնության շրջանակում Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված խումբը, նրանք ՀՀ-ում կլինեն մինչև հուլիսի 24-ը։ Այս մասին հատնում են Հայկական միասնական տեղեկատվական շտաբից:

Առաքելության իրականացումը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական ISAR միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, Caritas International կազմակերպության, Ռոբերտ Կոխ ինստիտուտի և ԱՀԿ հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ Team Europe փաթեթի շրջանակում:

Բուժանձնակազմին և մասնագետներին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը: