Թուրքիան տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն․ ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Թուրքիայի սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ:
Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային սրված իրավիճակում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որով նրանք անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով այդ երկրի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը։
Նաղդալյանի խոսքով՝ Թուրքիան նաև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:
«Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել է անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը»,- հայտարարել է Նաղդալյանը։
Նա նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ սերտորեն գործակցելով իր միջազգային գործընկերների հետ: