Վիկտոր Բիյագով․ Ադրբեջանը հրետակոծում է հայկական բնակավայրերը
ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Թուրքիան փորձում է ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ։
Նա անդրադարձել է հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը:
Նա նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ այժմ փորձում է կյանքի կոչել դրանք։
Բիյագով նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նա նաև ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:
«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ամբողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ»,- հայտարարել է Բիյագովը՝ կոչ անելով դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։