ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերականգնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում։

«Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության աճով, որի ականատեսն ենք լինում։ Կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեղ եղել․․․ Մենք պետք է անենք հնարավորը՝ նվազեցնելու հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքերի վրա և վերսկսենք բանակցությունները որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա:

Ռաման նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ՝ իրավիճակի կայունացման ջանքերի հարցում։

Նա հույս է հայտնել, որ 2019թ-ին Վիեննայում երկրների առաջնորդների համաձայնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված ուղիղ կապի մեխանիզմը կարող է օգտագործվել լարվածությունը նվազեցնելու նպատակով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 13-ին հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Տավուշում հրադադարի խախտումները։

«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները», - նշվում էր հայտարարության մեջ:

Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուլիսի 14-ին վերահաստատել էր իր լիակատար աջակցությունն հայ-ադրբեջանական սահմանին վտանգավոր իրավիճակի կարգավորման և խաղաղ, բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: