ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր է նվիրաբերել։ Այս մասին տեղեկանում ենք հիվանդանոցի պաշտոնական էջից։

Յոգեշվար Սանգվանը նշել է, որ Հնդկաստանի դեսպանությունն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս նման կարևոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ներդրում ունենալ հիվանդ երեխաների բուժման գործում:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլախավոր բժիշկ Բագրատ Բավեյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նվիրատվության համար՝ ընդգծելով, որ այս տարիներին բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել այն պացիենտների կողմից, որոնց կյանքի որակը էականորեն բարելավել է տրամադրված դեղերի շնորհիվ: Ի նշան երախտագիտության, նա դիվանագետին է փոխանցել համալսարանում բուժում ստացող փոքրիկներից մեկի ձեռքի աշխատանքը:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում՝ այս պահի դրությամբ բուժում է ստանում թալասեմիա ունեցող 31 հիվանդ, և տրամադրված դեղերի քանակը մոտ երկու տարի կբավարարի դրանց կարիքն ունեցողներին: